Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն երեքշաբթի հրամայել է իր երկրի անվտանգության ուժերին դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումն ԱՄՆ-ի հետ, մինչև Դոնալդ Թրամփի վարչակազմը չդադարեցնի Կարիբյան ավազանում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավերի վրա հարձակումները։
X-ի իր էջում գրառման մեջ Պետրոն գրել է, որ երկրների միջև հարաբերությունները, որոնք նախկինում սերտ գործընկերներ էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, վատթարանում են։
«Թմրամիջոցների դեմ պայքարը պետք է իրականացվի Կարիբյան ավազանի բնակիչների իրավունքների պահպանմամբ»,- ասել է Կոլումբիայի նախագահը:
Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել Պետրոյի վերջին հայտարարություններին։
Թրամփի վարչակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ օգոստոսից ի վեր ԱՄՆ զինվորականները միջազգային ջրերում հարվածների ժամանակ սպանել են առնվազն 75 մարդու։ Հարձակումները սկսվել են Կարիբյան ավազանի հարավում՝ Վենեսուելայի ափերի մոտ, սակայն վերջերս տեղափոխվել են Խաղաղ օվկիանոսի արևելք, որտեղ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Մեքսիկայի ափերի մոտ գտնվող նավերին։
Կոլումբացի ձախակողմյան առաջնորդը վաղուց է քննադատում թմրանյութերի դեմ ամերիկյան քաղաքականությունը և Թրամփի վարչակազմին մեղադրել է կոկաին աճեցնող ֆերմերներին հետապնդելու համար՝ թմրանյութերի խոշոր ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեմ պայքարի կազմակերպիչներին թիրախավորելու փոխարեն։
Թրամփի վարչակազմն էլ Պետրոյին մեղադրել է թմրավաճառների նկատմամբ մեղմ լինելու համար և քննադատել է նախագահի որոշումը՝ ԱՄՆ արտահանձնումից ազատել թմրանյութերի առևտրով զբաղվող կոլումբացի ապստամբ առաջնորդներին։
Հոկտեմբերին Սպիտակ տունը ֆինանսական պատժամիջոցներ է կիրառել Պետրոյի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ նրանց մեղադրելով համաշխարհային թմրավաճառության մեջ ներգրավվածության համար: