Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ ընտրողների կամարտահայտման նկատմամբ ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ-ի եղբայրն ու եղբորորդին։
«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում՝ մեզ վրա, այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար, և Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։
Ցավոք, մենք դեռ չունենք մեխանիզմներ։ Մենք վերջին անգամ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի նիստում էլ էինք քննարկում, որ այն դեպքերում, երբ ընտրակաշառք է բաժանվում, կամ դեպքեր են արձանագրվում, մենք չունենք մեխանիզմներ ազդեցությունը բանաձևելու, թե դա ի՛նչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք Գյումրիում տեսանք իրավիճակ, երբ ընտրակաշառքի բացահայտված դեպք կար, որը ընտրությունների թվաբանության վրա չազդեց։ Չնայած ակնհայտ էր, որ ընտրակաշառքը բաժանվել է և չէր կարող թվերի վրա չազդել։ Բայց հարցն այն է, թե ինչքան է ազդել։
Այս մեխանիզմների մասին պետք է մտածել, բայց հիմնական գործող անձինք այդտեղ պետք է լինեն իրավապահները, որոնք կարողանան հայտնաբերել և միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի և դրան նման, առնչվող, հարակից բոլոր դեպքերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։