ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նախկին նախագահների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած բանավեճի հրավերները մերժելուն: Նա հարցրեց, թե արդյոք կա՞ ինչ-որ մեխանիզմ այդ մարդկանց բանավեճի «բերման ենթարկելու»:
Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մի քիչ զվարճալի հնչեց` «բերման ենթարկել բանավեճի»: Շատ անսպասելի առաջարկ է, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսն առաջադրված էին, բայց բանավեճի չեկան, չմասնակցեցին: Իհարկե, վճռական եմ հաջորդ բանավեճին մասնակցելու, և բանավեճի իմ հրավերը շարունակում է մնալ ուժի մեջ:
Այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, 4-րդ վայրկյանից ինչ խոսում են, ամբողջը ինձ հետ բանավեճ է»:
Վարչապետն ընդգծեց, որ ընդդիմությունը հարցուպատասխանին ներկա չէ, բյուջեի քննարկման ժամանակ հարցեր են տալիս զեկուցողներին, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներին, որը վարչապետի և Կառավարության լիազորություններին վերաբերող հարցեր են:
«Խոսում են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին և հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին, ոնց որ մոռացվել է, որ ես 5 ժամ՝ տևական շատ, հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ: Այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել: Շատ լավ տրյուկ է, որ մտածեն, թե քանի տարի անցել է, մարդիկ մոռացել են, մի հատ էլ նույնը ասենք: Ըստ էության, նրանք խոսում են միայն այդ ժանրով: Իրենք բացի իմ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում: Հիմա ես զգում եմ, որ մարդիկ դժգոհ են, որ մենք անընդհատ ռեակցիա ենք տալիս իրենց: Ասում են՝ ինչքան կարելի է իրենց հետ խոսել, բայց մյուս կողմից էլ, եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմենն օգտագործելով, կասեն՝ ասեցինք, ձայն չհանեցին: Այդ բանավեճի պահանջարկը կա, իրենց խոսակցությունն է: Մենակ այդ ժամանակ է ավարտվելու, երբ դեմ-դիմաց գան, խոսեն, և հանրությունն ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա: Այդ ֆորմատով ստանա, որովհետև այլ ֆորմատներով տվել ենք պատասխանները»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ կայացած ժողովրդավարական համակարգում նման բանավեճերից հրաժարվելը երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության:
«Ձեր նշած մարդիկ թող գան, լրագրողների միջավայրում կանգնեն, պատասխանեն հարցերին, ոնց որ ես եմ պատասխանում: Իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող և իրենց պատվերով Կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը հայհոյող ինչ-որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս:
Ձեր նշած մարդն էլ ասում էր՝ ձեզ թվում է՝ ինձ հաճելի՞ է գնամ, ընտրությունների ժամանակ էդքան ժողովրդի հետ շփվեմ: Էն, որ ասում են՝ չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ: Այսինքն՝ դու էնքան կա՞ս, որ ասում ես ժողովրդի հետ... բոթասներդ հիշի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: