Քանի որ շատ քննարկումներ, քննադատություններ կան, որ Հայաստանը կրճատում է պաշտպանության ծախսերը, որ Հայաստանը իբրև թե զինաթափել է բանակը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց՝ պատրաստ է հրավիրել լրագրողների՝ տեսնելու նոր ձեռք բերված սպառազինությունները՝ առանց տեսախցիկների ու առանց հեռախոսների:
Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախկին նախագահներին ուղղված իր ֆեսբուքյան գրառմանը՝ ընդգծեց՝ վերջում մի նախադասություն է գրել, որի տակ բովանդակություն կա:
«Ես ասում եմ՝ պատրաստ եմ հրավիրել լրագրողներին, գնանք տեսնենք մեր սպառազինությունները: Հարց չի՞ ծագում՝ ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չէինք բերում նախկինում:
Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չենք կարող ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը: Սահմանը դրա համար է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում դրա մասին մանրամասն խոսելու է:
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասել էր՝ ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), որը կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ են ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։