Խորհրդարանը քննարկում է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այն Կառավարության ամփոփիչ բյուջեն է՝ մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը:
«Այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ մենք առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում:
Հարգելի գործընկերներ, մեր տեսլականը պարզ է՝ ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական և մարդկային հոսքերի կարևորագույն հանգույց:
Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության հեռատեսության և առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է: Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 2026 թվականի ընտրական տարվա պետբյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում: Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ ու երկարաժամկետ հնարավորությունները՝ գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունն ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում»,- ասաց նախարարը:
Հովհաննիսյանի խոսքով՝ 2026-ին սպասում են 5,4 տոկոս տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, ինչը գերազանցում է նախնական կանխատեսումները:
Նա ընդգծեց, որ նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամն է բարձրացրել Հայաստանի աճի կանխատեսումը՝ 2026 թվականին սպասելով 5,5 տոկոս տնտեսական աճ: