ԱՄՆ Սենատը հավանություն է տվել դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը մինչև հունվարի վերջ շարունակելու մասին օրինագծին՝ ապահովելու դաշնային կառավարության աշխատանքի վերսկսումը, որի գործունեությունը դադարեցվել էր հոկտեմբերի 1-ին:
Օրինագիծը հավանության է արժանացել 60 «կողմ» և 40 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
Փաստաթուղթը թույլ է տալիս ֆինանսավորել դաշնային գործակալությունների մեծ մասը ընթացիկ մակարդակում մինչև հունվարի 30-ը, իսկ մի քանի գերատեսչություններինը՝ ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում:
Բացի դրանից՝ նախատեսվում է նաև աշխատատեղերի պահպանում ավելի քան 4000 դաշնային աշխատողների համար, որոնց նախատեսվում էր աշխատանքից հեռացնել կառավարության գործունեության կասեցման ընթացքում:
Հաջորդիվ նախագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատ: Եթե փաստաթուղթը հավանության արժանանա նաև այնտեղ, ապա այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրմանը, որից հետո դաշնային կառավարությունը կկարողանա վերսկսել աշխատանքը: