Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխության նպատակն է կատարելագործել հարկային օրենսդրությունը՝ պարզեցնելով մի շարք գործընթացներ և ապահովելով արդար ու թափանցիկ հարկային դաշտ։
Մասնավորապես, պարզեցվելու և ավտոմատացվելու է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։ Համակարգի ներդրումից հետո հարկ վճարողները ռեզիդենտության հաստատման վերաբերյալ դիմումները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումի հիման վրա հարկային մարմինը նույն կերպ՝ էլեկտրոնային եղանակով, կտրամադրի ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը։ Տեղեկանքն ունենալու է էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը հնարավոր է ստուգել՝ www.src.am կամ verify.e-gov.am կայքերում մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը։
Նշված փոփոխությունը միտված է հարկային վարչարարության թվայնացմանը, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար պարզեցված ու թափանցիկ գործընթացների ապահովմանը։