Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաև ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է նման փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում սադրիչ գործողություններով պատերազմ հրահրելու համար:
«Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նույն փաստարկներով ՀՀ-ին մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսին, և Սերժ Սարգսյանը ևս: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ զուգադիպությանը, որ, ըստ էության, Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները, և Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում ՀՀ-ին…
Կրկնում եմ՝ ՀՀ-ն այդ երկու տարիներին փորձում էր դուրս գալ այդ իրավիճակից, որ չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի և… Բնականաբար, չի հրաժարվել բանակցություններից: Ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության մասով շատ փոքր տարածք է եղել ՀՀ-ի համար, որովհետև շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել, և Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերն էր ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրելը: Դրան զուգահեռ՝ նաև ուժերի բալանսն էր կտրուկ փոխվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա:
Խանդանյանը կրկին ընդգծեց՝ մինչև 2020 թվականի պատերազմը ՀՀ-ն փորձել է բանակցել իրավիճակի վերաբերյալ՝ փորձելով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:
«Կար բանակցային ժառանգություն և բանակցային տրամաբանություն, որոնք բերել և կանգնեցրել էին այդ բանակցությունները, ինչպես 2018-ին Սերժ Սարգսյանն էր ասել: Բայց դրան զուգահեռ՝ կար նաև կտրուկ տարբերվող հանրային ընկալում, և Հայաստանի խնդիրն էր, որպեսզի բանակցություններն ու հանրային ընկալումները փոքր-ինչ մոտեցներ իրար, ինչը չստացվեց, ցավոք սրտի»,- ասաց նա: