2000 թվականի ապրիլի 3-ին ընդունվել է և գործում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին օրենք, որը սահմանում է նաև հայրենիքի պաշտպանության համար զոհվածների համար հիշատակի հավերժացման հիմնական ձևերը, որոնցից մեկը հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումն է, սակայն մինչ օրս նման համապետական հիշատակի օր ընդունված չէ: Այդ մասին Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր և պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Հաշվի առնելով նաև վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը, նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության հռչակագրի ընդունման փաստը՝ կարևոր է դառնում 1 օրվա սահմանումը, որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհվածների հիշատակը, կխոնարհվենք նրանց առաջ: Մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն՝ Բանակի օրվան՝ հունվարի 28-ին, նախորդող օրը»,- ասաց նա:
Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու է առաջարկվում հենց այդ օրը: Ըստ այդմ՝ պետք էր ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք էր ընտրել նաև օր, որը որոշակի տրամաբանություն և սիմվոլիզմ ունի:
«Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, որովհետև առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կյանքի խորհրդանիշ, արդեն կտոնենք Բանակի օրը:
Սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք: Նաև տարբեր մարդիկ, տարբեր օրերի հետ կապված անձնական, ընտանեկան կապ ունեն, և դա նույնպես չի ջնջվում սրանով: Սա նշանակում է ընտրել մեկ օր, երբ կհարգենք նշածս բոլոր կատեգորիաների անձանց հիշատակը:
Նաև պետք է ասել, որ սա պարզապես սգո օր չէ, սա հիշատակի օր է, սա խոնարհումի օր է: Առաջարկվում է, որ այդ օրը կոչվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, և առաջարկվում է, որ այդ օրը լինի ոչ աշխատանքային, որպեսզի հնարավորություն լինի պետական պաշտոնյաներին, մասնավոր անձանց՝ այցելել գերեզմաններ, Եռաբլուր, այլ բնակավայրերի համապատասխան վայրեր, որպեսզի դպրոցականները կարողանան այցելել համապատասխան վայրեր»,- ասաց նա՝ նշելով, որ օրը ոչ միայն գերեզմաններ այցելելու մասին է, այլև միջոցառոմների մասին, որոնց նպատակը պետք է լինի հիշելը հայրենիքի համար կյանքը զովհածների մասին»,- ասաց նա:
Հարակից զեկուցող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնպահ է քվեարկել նախագծին, ու չնայած ընդդիմության դիրքորոշմանը՝ Ռուբեն Ռուբինյանը հույս հայտնեց, որ այս նախագծի մասով ԱԺ-ն կունենա միաձայն քվեարկություն: