Ներդնում ենք էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, և եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի, և ծանուցումը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից՝ աձը համարվելու է պատշաճ ծանուցված: Այդ մասին նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով: Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում, և եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանուցված: Անձը կարող է տրամադրել իր հավելյալ կապի միջոցները՝ անձնական էլեկտոնային կոդ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանուցում է տեղադրվել»,- ասաց նա:
Եթե հարթակում ծանուցումը տեղադրելուց հետո անձը մուտք չգործի համակարգ, սկսելու է աշխատել հաջորդ քայլը, այն է՝ ծանուցումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին, և փոստային ծրարավորումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով:
«Այս տարբերակը թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն՝ այն դեպքերի համար, երբ անձը չբացի և չծանոթանա ծանուցմանը, ապա ծանուցումը նրան ուղարկվի նաև փոստային առաքանու միջոցով: Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, այսինքն՝ իրականացվում է հրապարակային ծանուցում, և azdarar.am-ում տեղադրվելուց հետո՝ 7-րդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված»,- ասաց նա:
Նորամուծություն է նաև այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից բացի՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ևս հնարավոություն է տրվելու միանալ այս հարթակներին և այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը ևս կհամարվի պատշաճ ծանուցում:
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարևորեց նախագիծը, նշեց՝ այն անձինք, որոնք ամեն կերպ խուսափում են ծանուցումից, շարունակելու են խուսափել ծանուցումից էլեկտրոնային համակարգի ներդրման պարագայում ևս, բայց այս նախագծով քաղաքացիների ծանուցման համակարգը կդառնա առավել արդյունավետ թե՛ արագության, թե՛ բովանդակության, թե՛ ծանուցման պահպանման տեսանկյունից: