Նոյեմբերի 9-ին Երևանի կենդանաբանական այգին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղում լուսանի ձագ է հայտնաբերվել և բռնվել տեղի բնակիչների կողմից։ Դեպքի վերաբերյալ տեսանյութերը տարածվել են նաև համացանցում։
Կենդանաբանական այգուց հայտնում են, որ կենդանին այգի է հասել ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Մասնագետները անմիջապես արձանագրել են նրա ծայրահեղ ծանր վիճակը․ կենդանին եղել է հյուծված, ջրազուրկ և խիստ սթրեսի մեջ։ Ակնադիտական գնահատմամբ՝ մոտ 5-6 ամսական ձագ էր, որն այդ տարիքում դեռ չի կարողանում ինքնուրույն որս կատարել կամ գոյատևել առանց մոր խնամքի։
Կենդանաբանական այգին անմիջապես ապահովել է հանգիստ միջավայր, տաքություն, ջուր և կեր, սակայն խիստ բժշկական միջամտությունը վտանգավոր էր. դա կարող էր հանգեցնել արագ մահվան։ Ցավոք, կենդանին տեղափոխվելուց մոտ մեկ ժամ անց անկել է։
Դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է երիկամների սուր անբավարարությունը, ինչպես նաև արձանագրվել են սրտային անբավարարության նշաններ՝ հյուծման և ուժեղ սթրեսի հետևանքով:
«Ցավոք, օրգանիզմում մահացու փոփոխությունները սկսվել էին դեռ տեղափոխման ընթացքում, և միջամտությունը չէր կարող փոխել ելքը:
Լուսանը (Lynx lynx) Հայաստանում տարածված կատվազգի է և վտանգված տեսակներից է։ Նման տարիքի ձագը չէր կարող միայնակ լինել, եթե ծնողը կենդանի լիներ։ Ամենայն հավանականությամբ, կենդանին կորցրել է մորը և սովի ու սառնամանիքի պատճառով մոտեցել բնակավայրին։ Նորմալ պայմաններում լուսանները խուսափում են մարդկանցից, ինչը ևս վկայում է նրա վատառողջ վիճակի մասին։
Տեսանյութերում երևում է, որ ձագը բռնվել է ձեռքով, ինչը հնարավոր է միայն ծայրահեղ թուլացած կենդանու դեպքում։ Ցավոք, տեղի բնակիչների ոչ միտումնավոր, սակայն չափազանց ակտիվ միջամտությունը և կենդանուն սթրեսի ենթարկելը՝ բռնելը, տեղափոխումը, աղմուկը, լուսանկարելը և այլն, միայն խորացրել են նրա ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակը։
Այս դեպքը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ վայրի կենդանիների դեպքում լավագույն օգնությունը չմիջամտելն է՝ անմիջապես տեղեկացնելով համապատասխան մարմիններին։
Երևանի կենդանաբանական այգին շնորհակալություն է հայտնում տեսչական մարմնին արագ արձագանքի և համագործակցության համար և վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու վայրի կենդանիների պահպանության ու հանրային իրազեկման աշխատանքները»,- նշել են Կենդանաբանական այգուց: