Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում համագործակցության ընթացիկ և նոր ծրագրերը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ Հայաստանի բնապահպանական բարեփոխումներին շարունակական աջակցության համար։
Անդրադարձ է կատարվել «Հայաստանում թափոնների կառավարման» ծրագրին։
Շվեդիայի հետ գործակցության շնորհիվ Հայաստանը փորձում է ձևավորել թափոնների կառավարման ժամանակակից մոտեցումներ, մշակել Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) օրենսդրությունը և իրականացնել աղբի տեսակավորման փորձնական ծրագրեր։
Շվեդիայի փորձը նպաստում է Հայաստանի անցմանը շրջանառու և կանաչ տնտեսության մոդելին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարել նաև ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանը։ Քննարկվել են առկա խնդիրները և համագործակցության հնարավորությունները։
Նախարարը ներկայացրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները։
Հայաստանը պատրաստ է ստանձնել նախաձեռնող դեր՝ կազմակերպելով այնպիսի համաժողով, որը ոչ միայն կծառայի որպես քննարկումների հարթակ, այլև կդառնա գործնական քայլերի մեկնարկային կետ՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման համատեղ ջանքերին։