Քենտուկիում ԱՄՆ բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի՝ հայտնել է նահանգապետ Էնդի Բեշիրը։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 4-ին, Լուիսվիլի արվարձանում տեղի ունեցած վթարի պատճառը դեռևս պարզված չէ։ Մի քանի անհետ կորածի որոնումները շարունակվում են։
Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տվյալներով՝ McDonnell Douglas MD-11 ինքնաթիռը թռել է Մուհամեդ Ալիի անվան Լուիսվիլի միջազգային օդանավակայանից։ Այն վթարի է ենթարկվել թռիչքից կարճ ժամանակ անց՝ թռիչքուղուց ոչ հեռու, և հրկիզվել: Քանի որ ինքնաթիռը նոր էր թռել և պատրաստվում էր երկար թռիչքի, վառելիքի բաքերը, ենթադրաբար, լիքն են եղել։ Ոստիկանության տվյալներով՝ բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել օդանավակայանից մոտավորապես հինգ կիլոմետր հարավ։
Օդանավակայանի տեսագրություններից երևում է, թե ինչպես է թռիչքի ժամանակ ինքնաթիռի ձախ շարժիչը անջատվում թևից։ Ինքնաթիռի ինքնագրիչը և խցիկի ձայնագրիչը նույնականացվել են ու վերլուծության են ուղարկվել Վաշինգտոն: