Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով առնվազն 140 մարդ է մահացել՝ հայտնել է Ֆիլիպինների աղետների կառավարման գործակալությունը։ Եվս 127-ը դեռևս անհետ կորած է համարվում։ Ավելի քան 430 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Աղետն ազդել է երկրի ամենամեծ կղզային խմբերի՝ Լուսոնի, Վիսայասի և Մինդանաոյի 24 նահանգի վրա։ Շատ շրջաններում խախտվել է էլեկտրամատակարարումը, չեղարկվել են տասնյակ ավիաչվերթեր:
Նոյեմբերի 5-ին Ֆիլիպիններին հարվածած թայֆունն ուղեկցվել է փոթորկի ուժգնությամբ քամիներով, հորդառատ անձրևներով և մի քանի մետրանոց ալիքներով։ Ֆիլիպինների Pagasa օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորիկը թուլացել է, բայց քամու պոռթկումները դեռևս հասնում են ժամում մոտ 180 կիլոմետր արագության։
Միևնույն ժամանակ, օդերևութաբանները հայտնում են, որ Ֆիլիպիններին է մոտենում նոր արևադարձային ցիկլոն։ Այն կարող է ցամաք հասնել ուրբաթ կամ շաբաթ օրը և հանգստյան օրերին վերածվել սուպերթայֆունի՝ ժամում առնվազն 240 կիլոմետր քամու արագությամբ հզոր արևադարձային փոթորկի։