Պատմական է ձեր այցը Հայաստան, և դուք պատմական ժամանակաշրջանում եք մեր երկրում: Շուրջ 30 տարվա հակամարտությունից հետո տարածաշրջանային համագործակցության հույս է արթնացել, ինչը կարևոր է նաև մեր բարեկամ երկրների համար: Մեր տարածաշրջանի երկրների միջև սահմանների և ճանապարհների բացման արդյունքում ներդրումներ ներգրավելու մեծ հնարավորություններ են ստեղծվում. ողջունելով Սաուդյան Արաբիայի Թագավորության Խորհրդատվական խորհրդի Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ալի Մուհամմադ Ալ-Շահրանիի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, որին մասնակցել են նաև բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Տաթևիկ Գասպարյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Մոտ օրերս կլրանա մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երկու տարին, եւ, կարծում եմ, որ երկու երկրները տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն»,- ասել է Սարգիս Խանդանյանը՝ շնորհակալություն հայտնելով Ալի Մուհամմադ Ալ-Շահրանին բարեկամական խորհրդարանական խումբ ձևավորելու նախաձեռնության համար:
Ալի Մուհամմադ Ալ-Շահրանին նշել է, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նա համոզմունք է հայտնել, որ այս այցը նոր ձևավորվող հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և հիմք կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ու հետագա նախաձեռնությունների իրականացման համար:
Անդրադառնալով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հռչակագրին՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը՝ կառուցողական երկխոսության միջոցով: Ալի Մուհամմադ Ալ-Շահրանին ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված խնդիրների՝ երկխոսության ճանապարհով լուծումը:
Բարեկամական խմբի անդամներն ընդգծել են Սաուդյան Արաբիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման, փոխադարձ առևտրի, ներդրումների խթանմանն ուղղված քայլերի, կրթական ծրագրերի վերաբերյալ: