ՀՀ Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները համակարգի ապագա օգտատերերի հետ քննարկել են ապաստանի գործերի նոր էլեկտրոնային կառավարման համակարգի տեխնիկական նախագծման հիմնական դրույթները։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Քննարկման մասնակիցները, այդ թվում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները, կիսվել են ապաստանի ոլորտում իրենց փորձով և դիտարկումներով՝ կարևորելով ինչպես համակարգի գործնականում առավել պարզ և անվտանգ կիրառությունը, այնպես էլ արձագանքման հնարավորությունը շահագրգիռ բոլոր կողմերի կարիքներին։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշել է, որ ապաստանի գործերի կառավարման նոր համակարգի ներդրումը կարևոր քայլ է ապաստանի ինստիտուտի մոդեռնիզացման ուղղությամբ։ Այն հնարավորություն է տալու բարձրացնել համակարգի արդյունավետությունը մեր երկրում, նպաստել պետական մարմինների միջև տեղեկատվական փոխգործունակության բարելավմանը, ապահովել գործընթացների ավտոմատացումը, բարձրացնել գործերի վարույթի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով` ապաստանի համակարգի շարունակական բարելավումը Ծառայության մշտական հանձնառությունն է և այն պարբերական բնույթ է կրում Ծառայության գործունեության ամբողջ ընթացքում։
Նախատեսվում է, որ հարթակը կնպաստի փախստականների և ապաստանի հայցողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով արդար, արագ և հստակ ընթացակարգեր։
Նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորվող «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների բարելավում» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և ՄԱԿ ՓԳՀ-ի տեխնիկական աջակցությամբ։