Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ: Մասնավորապես՝ նախատեսվող փոփոխությունները վերաբերելի են պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի վերանայման, ինչպես նաև աճուրդն Էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթներին:
Օրինագծերով նախատեսվում է պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օտարումների պարագայում կարգավորել ցածր գներով հողամասերի աճուրդով վաճառելու մեկնարկային գինը, ինչպես նաև աճուրդն էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպման և անցկացման վերաբերյալ դրույթները: Մասնավորապես՝ վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով կամ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում՝ աճուրդով: Աճուրդի կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հողային օրենսգրքով, իսկ էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է Կառավարությունը: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպաստի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային աճուրդները թույլ են տալիս օնլայն հարթակում անցկացնել ամբողջ գործընթացը՝ առանց ֆիզիկապես ներկայանալու։ Սա նվազեցնում է լրացուցիչ ծախսերը և վարչարարությունը։ Էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է բաց հարթակում, որը հասանելի է բոլորին՝ անկախ տարածությունից։ Նշվածը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերն ու ապահովում է, որ բոլոր հետաքրքրված անձինք կարողանան հավասար պայմաններով մասնակցել աճուրդին։ Էլեկտրոնային աճուրդը բաց է բոլորի համար, ինչը խթանելու է մրցակցությունը, ինչի արդյունքում բարձրանալու է հողերի գինը՝ համայնքի համար ապահովելով առավել շահավետ պայմաններ։ Կատարվել է փոփոխություն՝ Հողային օրենսգրքով գործող կարգավորումներից հանվել են նախկինում կիրառվող մեկնարկային գինը՝ հողի կադաստրային արժեքի 100, 50 և 30 տոկոսների տարբերակումները: Իրական շուկայական արժեքի գնահատմամբ կկիրառվի միասնական գնագոյացման քաղաքականություն: «Գնահատման գործունեության մասին» օրենքում բացակայում են պետական կամ համայնքային չկառուցապատված հողերի աճուրդային կարգով օտարումների գնահատման պարտադիր դեպքերը: Նախագծով առաջարկվում է նշված հողամասերը ընդգրկել սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված գնահատման պարտադիր դեպքերի ցանկում, արդյունքում՝ պետական և համայնքի սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային կարգով օտարումների պարագայում պարտադիր կկիրառվի գնահատման գործընթաց՝ գնահատման կազմակերպության միջոցով:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ըստ այդմ՝ պետական և համայնքային հողերը պետք է վաճառվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքի մեկնարկային գնով: Վարչապետն ընդգծել է նաև աճուրդները հնարավորինս բաց ու թափանցիկ անցկացնելու անհրաժեշտությունը: