Կառավարության որոշմամբ առաջարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող անշարժ գույքը օտարել դասական աճուրդով:
Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Գույքը նախկինում արդեն ներկայացված է եղել օտարման՝ դասական աճուրդով, սակայն շարունակական աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով: Համաձայն գնահատման հաշվետվության՝ շենք-շինությունների արտաքին հարդարումը բացակայում է, արտաքին պատերը քարից են։
Ենթակառուցվածքներից առկա են՝ ջրամատակարարում, էլեկտրամատակարարում։ Գազամատակարարում և ջեռուցում առկա չէ։ Սանհանգույցը ունի վերանորոգման կարիք։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։