Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայությունից բացատրություն է խնդրել հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագի ընթացքում քաղաքացուն եկեղեցուց դուրս հանելու դեպքի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց վարչապետը՝ նշելով, որ որոշումը կայացվել է այդ թվում քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով:
«Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել, դրա համար այդ որոշումը կայացվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիներից մեկը եկեղեցում բղավել էր, թե պատարագն իրական չէ, քանի որ պատարագը մատուցող Տեր Արամը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ էր հռչակվել։