Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության վերաբերող հարցեր:
Ներկայացվել է քաղաքականության թիրախային շրջանակը, պետական մասնակցությամբ ընկերությունների ընդհանուր պատկերը, սեփականության մասնաբաժինները, կառավարման մոտեցումները: Նշվել է, որ պետական քաղաքականության առանցքային նպատակներից են՝ ապահովել արդյունավետ կառավարում, հաստատել հաշվետու և թափանցիկ համակարգ:
Քննարկման ընթացքում հստակեցվել են նշված ուղղություններով հետագա աշխատանքներն ու քայլերը։ Շեշտվել է նաև պետական և մինորիտար մասնակցությամբ քաղաքականությանն օրենսդրական դաշտի համապատասխանեցման կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ընկերություններում կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հանձնարարել քաղաքականությունը լրամշակել՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները: