Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել է ոլորտում գործող կարգավորումը և այն համարել հակասահմանադրական: Խոսքը վերաբերում է ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և ՍԴ դատավորների՝ արհեստակցական կազմակերպության մասնակից դառնալու համար գործող բացարձակ արգելքին: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել:
«Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը կարևորել է նախագիծը, նշել, որ Կառավարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ակտիվ աշխատում են աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումների ուղղությամբ: Դրան են ուղղված նաև հանձնաժողովում կազմակերպվող քննարկումները:
Քննարկվող օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է սոցիալական աշխատողներին: