Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք ԱՄՆ մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ իրականացնենք TRIPP նախագիծը, որովհետև ուզում եմ ընդգծել այդ նախագծի կարևորությունը ՀՀ-ի համար: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ նախագիծը նույնքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր է Ադրբեջանի համար, նույնքան կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար, նույնքան կարևոր է Կենտրոնական Ասիայի երկրների համար, նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, ինչի վերաբերյալ արդեն պաշտոնական մեկնաբանություններ են հնչում ՌԴ-ից, նույնքան կարևոր է Վրաստանի համար, նույնքան կարևոր է ԵՄ-ի համար, նույնքան կարևոր է ԱՄՆ-ի համար, նույնքան կարևոր է Չինաստանի համար, նույնքան կարևոր է Թուրքիայի համար: Այս թվարկումը ինքնին երաշխիք է, որ այս նախագիծը ոչ միայն իրագործվելու է, այլև լինելու է մեր ժամանակակից պատմության ամենահաջող նախագիծը, որը բերելու է եկամուտներ երկրներին, տնտեսական զարգացում, անվտանգություն և կայունություն:
Ես ուզում եմ անվտանգության և կայունության գործոններում ընդգծել փոխկապվածության գործոնը որպես անվտանգության և կայունության և խաղաղության երաշխիք: Ես համոզված եմ, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, համաձայն օգոստոսի 8-ի հռչակագրի, այն կարևորագույն գործոնն է, որը խաղաղությանը տալու է գործնական տեսք»,- ասաց նա:
«Շատ բարձր եմ գնահատում, որ այդ գործոններից մեկը հենց այսօր, այս ժամերին ընթացքի մեջ է: Ես չգիտեմ՝ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին կհասնի Ադրբեջան, հետո՝ Վրաստան, հետո՝ Հայաստան: Սա նշանակում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն իրականություն է, և ես, ի հեճուկս բոլոր նեգատիվ մեկնաբանությունների և ընկալումների, կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, որն այդ որոշումը կայացրեց։
Այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ: Մենք գիտեինք, որ կա ըմբռնում, որ մի գնացք կգա, մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին, և այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր: Սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան. առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել, և մեր բոլորի խնդիրն է աջակցել, որ երկկողմանի և բազմակողմանի ավելի շատ դրական արդյունքներ ապահովվեն»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։