2019 թվականին գյուղական բնակավայրերում մենք ունեցել ենք 439 գործող մանկապարտեզ: 2024 թվականի ավարտին մենք ունեինք գյուղական 630 մանկապարտեզ՝ շուրջ 200-ով ավելի, քան 2019-ին: Այս մասին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով այն կարևոր ցուցանիշը, որ «500 մանկապարտեզ» ծրագրի արդյունքն է ցույց տալիս:
«Սա՝ դեռևս չհաշված 2025-ի նորանոր մանկապարտեզները, որոնց բացումներին, կարծում եմ, չեք հասցնում նույնիսկ հետևել, որովհետև գրեթե յուրաքանչյուր շաբաթ, յուրաքանչյուր օր տարբեր մարզերում, տարբեր բնակավայրերում մենք տեսնում ենք նորանոր աշխատանքների ավարտ և նորանոր երեխաների մուտք նախադպրոցական կրթություն»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:
Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարվա պաշտոնական վիճակագրությունը կգա՝ հավաստելու այս նոր արդյունքները: