Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման ծրագրի հիմնական ուղղությունը ֆինանսական միջոցներ հատկացնելն է այն տրամաբանությամբ և այն ցանկով, որը հաստատել է ՀՀ կառավարությունը: Այս մասին Ազգային ժողովում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Այնտեղ մենք երեք տեսակի բնակավայրեր ունենք՝ բնակավայրեր, որտեղ 1 շնչի հաշվարկով, 1 անձի հաշվարկով բնակչին հատկացվում է 5 միլիոն դրամ, բնակավայրեր, որտեղ հատկացվում է 4 միլիոն դրամ, և Երևանն ու երևանամերձ որոշ բնակավայրեր, որտեղ հատկացվում է 3 միլիոն դրամ»,- տեղեկացրեց նախարարը:
Նրա խոսքով՝ բացի սրանից՝ կան նաև որոշ ծրագրերով կառուցվող բնակարաններ, օրինակ՝ Սյունիքում, Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է թաղամաս, որտեղ մոտավորապես 30 նոր տներ կլինեն:
«Իհարկե, թաղամասը աճելու միտումներ ունի: Իսկ առհասարակ խնդրի լուծումը պատկերացնում ենք իմ ասած տրամաբանության մեջ ֆինանսական միջոցների տրամադրմամբ, այն պայմանով, որ բնակիչներն իրենք կորոշեն՝ որ բնակավայրերում են ուզում գույքը, տունը ձեռք բերել՝ մասնավորապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն նախորդ տարիների ընթացքում բազմաթիվ տեղահանված հայրենակիցներ ունենք, որոնք ապրում են Հայաստանի այս կամ այն բնակավայրում, հարմարվել են այդ բնակավայրերին, և արդեն այդտեղից դուրս գալու հայեցողական մոտեցումը թողել ենք իրենց որոշմանը»,- ասաց նախարարը: