Մենք կատարողականի խնդիր, որպես այդպիսին, չունենք: Մեր կատարողականը 90 և ավելի տոկոս է վերջին մի քանի տարիների ընթացքում, և 2025 թվականին էլ է այդպես լինելու: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե կապիտալ ծախսերի գծով ՏԿԵՆ-ի մասով ինչ կատարողական կա:
«Մենք երեկ նաև մարզպետների մասնակցությամբ քննարկման ժամանակ ենք այս հարցը քննարկել: Ավելին, հետևյալ խնդիրն ունենք, երբ մեզ անհրաժեշտ է լինում վերաբաշխել ֆինանսական միջոցներ՝ ՏԿԵ նախարարությունից դուրս հաճախ դիմել պահուստային ֆոնդին, որովհետև, օրինակ՝ 2025-ին սուբվենցիաների մասով պլանավորել էինք 16 միլիարդ դրամ, փաստացի իրականացնելու ենք 30 միլիարդ դրամից ավելի համաֆինանսավորում, այսինքն՝ մեր կատարողականը մեր հիմնական ծրագրի մասով կրկնակի ավելի է լինելու, քան մեր պլանավորածը»,- տեղեկացրեց Խուդաթյանը:
Նրա խոսքով՝ 2026-ի համար պլանավորել են 17,7 մլրդ դրամ, սակայն վստահություն հայտնեց, որ կրկնակի ավելի է լինելու իրենց պլանավորածից:
«Նույնը վերաբերում է մեր հիմնական ուղղություններից մեկին՝ ճանապարհաշինական աշխատանքներին, որի մասով առնվազն երկու վերաբաշխում ենք արել, այսինքն՝ մեր բյուջեով պլանավորած թվից, միջին նորոգումների մասով ավելի ենք արել շուրջ 2 միլիարդ, հիմնանորոգման մասով՝ շուրջ 3 միլիարդ դրամ:
Կատարողական ցուցանիշները նախարարությունում կապիտալի մասով ավանդաբար 90 տոկոսը գերազանցում են»,- ասաց նա: