Ազգային ժողովում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձավ Ջրաձոր գյուղի հետ կապված ծրագրին, ընդգծեց՝ նոր գյուղի կառուցման մեկնարկ է տրվելու:
Նրա խոսքով՝ դա բացառապես պայմանավորված է Կապսի ջրամբարի կառուցման հանգամանքով՝ ջրամբարի ավազանում հայտնված գյուղի տեղափոխմամբ:
«Ծրագիրը վերաբերում է այդ գյուղի բնակիչների վերաբնակեցումն ապահովելուն»,- հայտնեց ՏԿԵ նախարարը՝ ընդգծելով՝ ջրամբարաշինական աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Առիթ ունեցել եմ ասելու, որ օրացուցային գրաֆիկից զգալի շեղվածություն ունենք այս դեպքում, բայց տպավորություն ունենք նաև, որ վերջին ամիսներին ակտիվացել են աշխատանքներն այնտեղ, և աշխատում ենք կապալառու ընկերության հետ, որը հայկական շինարարական ընկերություն չէ: 2026-ի մեկնարկին այնտեղ շոշափելի աշխատանք կունենանք, ինչը մեզ հնարավորություն կտա սկսել գյուղի տեղափոխման հետ կապված խնդիրը, սակայն այդ մասին վսստահաբար կարող եմ խոսել 2026 թվականի տարեսկզբին»,- հայտնեց նախարարը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, որը հետաքրքրվում էր գյուղի ճակատագրով:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջրաձոր գյուղի բնակիչների համար կառուցվում է Հայաստանում տիպային առաջին էկոգյուղը: Բացի տներից, բնակիչները փոխհատուցում կստանան իրենց օժանդակ շինությունների, այգիների ու վարելահողերի համար: