Մամուլի ասուլիսում Փարիզի դատախազ Լորա Բեկոն հայտնել է, որ շաբաթ երեկոյան Լուվրի կողոպուտին մասնակցելու կասկածանքով ձերբակալված երկու տղամարդիկ «մասամբ խոստովանել են իրենց մեղքը»՝ տեղեկացնում է Euronews-ը։
Ոստիկանությունում 96 ժամ կալանքի տակ մնալուց հետո կասկածյալները ներկայացել են քննիչ դատավորի մոտ, որը նրանց ներկայացրել է «կազմակերպված գողության» և «հանցավոր դավադրության» մեղադրանք։ Դատախազը միջնորդել է խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Կասկածյալներից մեկը 34-ամյա գործազուրկ ֆրանսիաբնակ ալժիրցի է, որը ձերբակալվել է Ռուասի օդանավակայանում Ալժիր մեկնող ինքնաթիռ նստելուց առաջ։ Երկրորդը՝ 39-ամյա ֆրանսիացի է, որը ձերբակալվել է Օբերվիլիեում և արդեն հայտնի է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարած գողության» համար։
Երկուսն էլ գրանցված են եղել ոստիկանության տվյալների բազայում, նրանցից մեկի ԴՆԹ-ն հայտնաբերվել է սկուտերներից մեկի վրա, մյուսինը՝ կոտրված պատուհանի։
Ենթադրվում է, որ կողոպուտին մասնակցել է ևս երկու մարդ։ Սակայն դատախազը չի բացառել ավելի մեծ կազմակերպված խմբի գոյության տարբերակը։