Հոկտեմբերի 29-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ համատեղ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով բաժնի Վրաստանի, Հարավային Կովկասի և Արևելքի հարցերով ղեկավար Դեյվիդ Քալընը և Եվրոպական հանձնաժողովի՝ ռազմավարական համակարգման և հաղորդակցության բաժնի ղեկավար Նատալի Փաուելսը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանանք այն մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է Հայաստանի մեդիա համակարգը»,- իր ելույթում նշել է Նատալի Փաուելսը՝ հավելելով, որ հատկապես նախընտրական շրջանում չափազանց կարևոր է ծանոթանալ այն կառույցների աշխատանքին, որոնք ժողովրդավարության երաշխիքներից են։
Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները և հրատապ լուծում պահանջող խնդիրները՝ մասնավորապես օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև Հայաստանի մեդիա համակարգի արդի հարցերն ու մարտահրավերները։ ՀՌՀ նախագահը հավելել է, որ հասարակության վստահությունը կարգավորող մարմնի հանդեպ առանցքային նշանակություն ունի հանձնաժողովի գործունեության արդյունավետության համար։
«ՀՌՀ-ն գործում է լիարժեք անկախ, իսկ որոշումներն ընդունում ենք կոլեգիալ: Դա այն հիմքն է, որը փաստում է այն մասին, որ մենք հաջողություն ենք գրանցում»,- նշել է Տիգրան Հակոբյանը:
ՀՌՀ նախագահը խոսել է նաև այն սպառնալիքների մասին, որոնք ի հայտ են եկել արհեստական բանականության զարգացման արդյունքում՝ deepfake, ապատեղեկատվական հոսքեր, կիբեռհարձակումներ և այլն։ Նա անդրադարձավ նաև առցանց մեդիայի կարգավորման խնդիրներին՝ ընդգծելով, որ առանց համապատասխան կարգավորման մեխանիզմների այդ ոլորտը կարող է դառնալ սպառնալիք և ունենալ բացասական ազդեցություն հասարակության վրա։
ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը խոսել է համացանցային հեռարձակողների նկատմամբ կարգավորման մեխանիզմների ներդրման կարևորության մասին, նշել, որ խոսքի ազատությունը հիմնարար արժեք է, սակայն այն չպետք է վերածվի սանձարձակության։
Անդրադառնալով թեմային՝ ՀՌՀ անդամ Ավետ Պողոսյանը նշել է, որ ատելության խոսքի և ապատեղեկատվության սահմանումները բացակայում են օրենսդրության մեջ, ինչը բարդացնում է կարգավորող մարմնի աշխատանքը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ՀՌՀ երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և դրա կարևորությունը։ «Մենք կշարունակենք աշխատել միասին»,- ընդգծել է դեսպանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցությունը։