«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է՝ Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը 800 մմ-ոց պողպատե «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են:
Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը:

Առաջացած խնդրին լուծում տալու համար Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ: Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են ավարտին և այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի մյուս 4 հատվածներում է խնդիրներ լուծում:
-
Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված:
-
3-րդ՝ կրկին սողանքային հասցեում խոշոր վթար է վերացվում:
-
4-րդ և 5-րդ հասցեներում՝ Պռոշյան և Գրիբոյեդով փողոցներում, բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ:
Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև այսօր երեկոյան, սակայն վեոլիաթիմն անում է հնարավոր ամեն ինչ՝ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. աշխատանքներն ավարտելուց հետո ժամանակ է պետք 800 մմ-ոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար: