ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակությանը՝ տրանսպորտի և կապի բաժնի ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Հիմնադրամն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի առաջընթացից՝ ընդգծելով շինարարության իրականացման բարձր տեմպերն ու արդյունքները։
Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ընդգծելով ԿԶԵՀ-ի հետ համագործակցության արդյունավետությունը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ իրականացվող ծրագիրը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին, միաժամանակ կարևորել է ծրագրում ներգրավված կողմերի հետևողական աշխատանքը՝ որակի հսկողության, սոցիալական և բնապահպանական պահանջների համապատասխանությունն ապահովելու ուղղությամբ։
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի՝ Քաջարանի թունելի կառուցման և մոտեցող ճանապարհների վերակառուցման ծրագրի իրականացման ընթացքին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թունելաշինության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր, մասնավորապես՝ շինարարական լուծումների կատարելագործման, անվտանգային չափանիշների պահպանման և հավելյալ ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ընդգծելով կարողությունների զարգացման և իրականացվող ծրագրերում նորարարական մոտեցումների կիրառման կարևորությունը։