Նախատեսվում է Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրերին համապատասխան շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստին ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
«Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիները:
Նշեմ, որ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ շարքային կազմի պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ: Մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են մշակվել և ընդունվել, գործում է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ներդրվել է ատեստավորման համակարգը: Այս պահին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը 4220 է, և այն աճի միտում ունի: Վերջիններս ժամկետային այն զինծառայողներն են, ըստ նախարարի տեղակալի, որոնք պայմանագիր են կնքել ՊՆ-ի հետ և դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ժամկետով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ 2 տարվա ծառայությունից 1,5 տարի անցումը խզում չի՞ առաջացնի, Արման Սարգսյանը հայտարարեց՝ բոլոր ռիսկերը հաշվարկված են: