Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության գերակայություններից են իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև համապետական և միջպետական գործընթացներում ակտիվ մասնակցություն ունենալը՝ ապահովելով թափանցիկություն ու օբյեկտիվություն: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանն ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում «2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ:
Խաչատուր Պողոսյանի խոսքով՝ աշխատակազմի գործունեությունը միտված է հանրության կողմից ընկալվելու որպես կայուն, վստահելի, հեղինակավոր և ինստիտուցիոնալ կառույց:
«Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի, «Հանրապետության նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար 2026 թվականի համար ներկայացվել է 1 մլրդ 618 մլն դրամի բյուջետային հայտ՝ ընթացիկ տարվա 1 մլրդ 617 մլն-ի փոխարեն:
Աշխատակազմը ֆինանսավորվում է մեկ ծրագրով՝ երկու միջոցառմամբ:
Խաչատուր Պողոսյանի փոխանցմամբ՝ ծրագրային բյուջետավորման ձևաչափով սահմանվել են նախագահի աշխատակազմի ծրագիրն ու միջոցառումները, նաև՝ արդյունքային ցուցանիշները: Նախատեսված է Ազգային ժողովի ընդունած 460 օրենքների՝ Հանրապետության նախագահի ստորագրման, նախագահի կողմից 200 հրամանագրերով հանրապետության քաղաքացիության շնորհման գործընթացների ապահովում, դատապարտյալների ներման վերաբերյալ 5 հրամանագրերի նախապատրաստում, 270 անձանց շքանշաններով ու մեդալներով պարգևատրման, ինչպես նաև պատվավոր կոչման շնորհման ապահովում, բարձրագույն դասային աստիճանների, դիվանագիտական աստիճանների շնորհման գործընթացի ապահովում, ինչպես նաև նախագահի սահմանադրաիրավական կարգավիճակից բխող այլ գործառնությունների իրականացում:
2026 թվականին նախատեսվում են նախագահի արտասահմանյան այցեր և այլ պետությունների ղեկավարների՝ հանրապետություն այցեր, նախագահի մասնակցությունը որոշ արտասահմանյան միջոցառումներին, նաև մարզային այցեր:
Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: