Կայացել է «Բժշկական օգնության և սպասարկման որակի ցուցանիշները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոքտմանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Սիդհարթհա Դաթթան: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Բացման խոսքում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ որակի բարելավումը նախարարության բարեփոխումների առաջնահերթություններից է։ Որակի պահանջները ներառված են բոլոր շինարարական աշխատանքներում, սարքավորումների ձեռքբերման, լիցենզավորման, կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև բուժման գործընթացներում՝ մշակված գործելակարգերի և ստանդարտների ձևով։
«Ի վերջո` որակն արդյունք է, որը չափվում է ցուցանիշներով, որոնք սահմանելու համար մեծ աշխատանքներ են տարվում»,- ասել է Լենա Նանուշյանը` ցուցանիշների շարքում շեշտադրելով բուժառուների գոհունակության գնահատումը:
Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերի և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել են առաջարկվող որակի ցուցանիշների կիրառման հնարավորությունները Հայաստանի առողջապահական համակարգում:
Աշխատաժողովի արդյունքում ամփոփվել են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի որակի ցուցանիշները և ընտրվել ներդրման տեսանկյունից իրատեսական ցուցանիշների ցանկը։ Համաձայնեցվել են հետագա գործողությունները, պատասխանատվության շրջանակները և իրականացման փուլերը, որոնք անհրաժեշտ են ցուցանիշների վերջնականացման և դրանց ներդրման գործընթացը համակարգված իրականացնելու համար։