Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմը նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 մլրդ 804 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:
Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2026 թվականին ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում է ավելացել, Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում:
Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: «Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում՝ 2026 թվականի մայիսի սկզբին: Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը, որի համար աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ: