Սեպտեմբերին կամ օգոստոսին մեր որոշ գործընկերներ իշխանությունից ասել են, որ այդպիսի գործընկերներ ունեն, որոնք նաև արտահերթի մասին են խոսում, մենք գնահատել ենք, որ դրա կարիքը չկա, գնում ենք հերթական ընտրությունների, խնդրում եմ ավելորդ ինտրիգներ չփնտրել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով նախընտրական շտաբի ձևավորմանը՝ Արայիկ Հարությունյանը նշեց. «Առաջին անգամ իշխանությունն ուզում է առանց տարբեր հարցերում ցայտնոտների, շտապողականության ճիշտ կազմակերպի իր աշխատանքը, և որոշումը պայմանավորված է դրանով, և առհասարակ քաղաքական ուժը ամեն հաջորդ ընտրությունից հետո հաջորդ օրը կարող է ձևավորել հաջորդ ընտրությունների շտաբ»:
Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններին, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց.
«Մենք ապրում ենք իրավական պետությունում, և բոլոր նրանք, ովքեր հանցանք են գործում, լինի դա ընդդիմություն, իշխանություն, հայտնվում են համապատասխան տեղերում, կամ հարուցվում են համապատասխան վարույթներ: Մեր մեղավորությունն այդտեղ թերևս այն է, որ, այնուամենայնիվ, այդ համակարգերն այնպես արագ չեն բարեփոխվել և զարգացել, որպեսզի նմանատիպ գործերը իրենց ժամանակին, ոչ թե մի քանի տարում, այլ ամիսների ընթացքում ավարտվեն, և նման խոսակցությունները ի չիք կլինեն:
Մենք խոսքի համար չենք կալանավորում, և, առհասարակ, գործադիրը կալանավորելու որևէ գործառույթ չունի: Իրավապահները կալանավորում են ՔՕ-ի համապատասխան հոդվածներով նկարագրված իրավիճակներում»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաստատվել է 2026 թ. ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբի կազմը։