Իրականում մեր բյուջեն տարբեր ուղղություններով կրճատվել է, և, ըստ էության, դրանք սիմետրիկ են, մեր աշխատակազմինը կամ բովանդակությամբ, ըստ էության, նույն ծախսերի կրճատումն է, ինչ եղել է Ազգային ժողովի աշխատակազմում, և դա ընդհանուր բյուջեի տրամաբանության վրա դրված ֆինանսների նախարարության կողմից և քաղաքական որոշմամբ սահմանված սկզբունք է, որը չեմ կարծում, թե շատ էական ազդեցություններ կարող է ունենալ մանավանդ այն տրամաբանության շրջանակներում, որ դուք եք ասում, մանավանդ հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, և թիվը կարող է մեծանալ կամ փոքրանալ: Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք ԱԺ բյուջեն նվազեցնելով՝ նպաստո՞ւմ ենք խորհրդարանական կառավարման ձևի ամրապնդմանը:
«Ըստ էության, նման բոլոր իրավիճակներում, սահմանադրական մարմինների հետ կապված, գերատեսչությունների, Ազգային ժողովի հետ կապված, երբ օբյեկտիվ ծախսեր են առաջանում, ֆինանսների նախարարությունը համապատասխան միջոցներից լրացնում է դրանք»,- պարզաբանեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է վերապատրաստումներին առնչվող հարցին՝ ասաց.
«Մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Որովհետև տարիներ շարունակ ճիշտ մեխանիզմները չենք գտնում վերապատրաստումները իրականացնելու համար, իհարկե միջազգային գործընկերների հետ շատ ծրագրեր ենք իրականացնում այս առումով, խրախուսում ենք նաև մասնակցությունը այսպիսի միջոցառումներին, լինի դա Հայաստանում կամ Հայաստանից դուրս»,- նշեց նա:
Հարությունյանի խոսքով՝ ինչպես վարչապետն է անընդհատ նշում՝ բոլոր ոլորտներում, այստեղ ևս ունենք կրթության խնդիր:
«Բայց, իհարկե, աշխատելու տեղ ունենք, պետք է առաջ գնանք»,- պարզաբանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը: