Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2026 թվականի ֆինանսական ծրագիրը Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Մեսրոպ Մեսրոպյանը:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ ՀԾԿՀ-ի 2026 թվականի տարեկան բյուջեի մեծ մասն ուղղվելու է հանձնաժողովի պահպանմանը: Թվային ցուցանիշով դա կազմում է շուրջ 1 մլրդ 249.5 մլն դրամ:
ՀԾԿՀ ղեկավարը տեղեկացրել է, որ բյուջեի շուրջ 76,1 տոկոսը նախատեսվում է ուղղել աշխատանքի վարձատրության գծով ծախսերին, իսկ շուրջ 23,9 տոկոսը՝ հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերմանը:
Պարզաբանելով՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է, որ «ՀԷՑ» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների կողմից իրականացված ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերման համար հանձնաժողովը նախատեսել է ուղղել բյուջեի շուրջ 13,4 տոկոսը, իսկ ՀԾԿՀ վարչական շենքի նախագծահաշվային աշխատանքների իրականացման համար բյուջեի՝ 1,4 տոկոսը:
«2026 թվականին հանձնաժողովն առաջնորդվելու է իր գործունեության ծրագրով: 2025 թվականի տարեվերջին կհաստատվի նաև 2026 թվականի աշխատանքային ծրագիրը, որտեղ կամրագրվեն աշխատանքների կատարման հստակ ժամկետները»,- մանրամասնել է գերատեսչության ղեկավարը:
Անդրադառնալով 2026 թվականի համար պլանավորած աշխատանքներին՝ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդարանականներին հայտնել է, որ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, հանձնաժողովը 2026 թվականին եւս կշարունակի կարգավորման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի լրամշակման, ինչպես նաև սակագնային քաղաքականության կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի 2026 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները ներկայացրել է Գեղամ Գևորգյանը, համաձայն որոնց՝ հանձնաժողովի ընդհանուր բյուջեն կազմում է 604 մլն 927 հազար դրամ, որից մոտ 511 մլն 396 հազար դրամը կազմում են օրենքով հաշվարկված աշխատավարձը և պարգևատրումը, իսկ 93 մլն 531 հազար դրամը՝ ապարատի պահպանման ծախսերը:
Ըստ ՄՍՇՊ հանձնաժողովի նախագահի՝ բյուջեի հետ կապված մի շարք մտահոգություններ կան:
«Ստեղծել ենք թվային նոր հարթակ, որով սպասարկվում են սպառողի բողոքներն ու ամբողջությամբ թվային տիրույթում իրականացվում է սպասարկումը, սակայն արդեն երկու տարի է՝ սպասարկման համար որևէ գումար հանձնաժողովը չի ստացել»,- պարզաբանել է Գեղամ Գևորգյանը և այս հարցում խնդրել խորհրդարանականների աջակցությունը՝ հավելելով, որ հակառակ պարագայում անհայտ է՝ ինչպես է հետագայում սպասարկվելու համակարգը:
Հաջորդ մտահոգությունը վերաբերել է ներքին աուդիտին: Այստեղ եւս, ըստ Գեղամ Գևորգյանի, ֆինանսական ցուցանիշը չի բավարարում:
Հանձնաժողովի նախագահը պատգամավորների հարցերին տվել է սպառիչ բացատրություններ:
ՀՀ կադաստրի կոմիտեին 2026 թվականի պետական բյուջեով կհատկացվի 3 մլրդ 961 մլն դրամ: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով կոմիտեն կիրականացնի մեկ ծրագիր՝ «Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում»:
2026 թվականի պետական բյուջեով ՀՀ քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 3,1 մլրդ դրամ: Կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով իրականացվելու է չորս միջոցառում: Դրանք են՝ «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում, տեղայնացում», «Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառումները, «Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրման գործառույթներն իրականացնելու նպատակով կոմիտեի պահպանման ծախսերը», «Քաղաքաշինական ծրագրային միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում» միջոցառումը: