Հայաստանում անցկացվելիք Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով մեր երկրում է Ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը: Եվրոպացի հյուրի հետ հոկտեմբերի 27-ին հանդիպել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Ողջունելով հյուրին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն աչքի են ընկնում դինամիկ, ակտիվ քաղաքական երկխոսությամբ և բարձր մակարդակի փոխայցերով, խոսել այդ ուղղությամբ իրականացված քայլերի մասին: ԱԺ աշխատակազմի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԵԽ-ն ինստիտուցիոնալացրել է հարաբերությունները Հայաստանի հետ: Նաչո Սանչես Ամորի ջանքերի շնորհիվ Եվրոպական խորհրդարանում Հայաստանն առաջին անգամ ընդգրկվել է «Ժողովրդավարության աջակման և ընտրությունների համակարգման խմբի» (DEG) առաջատար երկրների ցանկում:
«Հայաստանի Ազգային ժողովը հավատարիմ է ժողովրդավարական զարգացման ուղուն, ձգտում է ամրապնդել ԵՄ-ի հետ համագործակցությունը և պատրաստ է ընդունել նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են խորհրդարանական վերահսկողության բարձրացմանը, քաղաքական երկխոսության ամրապնդմանը, երիտասարդական ու քաղաքացիական հասարակության ներգրավմանը»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանն ու փաստել, որ խորհրդարանի աշխատակազմը վերջին մի քանի տարիների ընթացքում էապես խորացրել է հարաբերությունները և ընդլայնել համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ՝ տարեցտարի ավելացնելով իրականացվող ծրագրերի քանակն ու բովանդակությունը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Ազգային ժողովը և աշխատակազմն առանձնակի ուշադրություն են դարձնում խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավմանը: Նա հավելել է, որ կան կյանքի կոչված բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» և «Երիտասարդական խորհրդարան» ծրագրերը, և կարևորել այս ոլորտում ջանքերի միավորումը: Այս համատեքստում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Ազգային ժողովը կգնահատի Innovative Democracy Support Programme for Armenia նախաձեռնության շրջանակում գործընկեր խորհրդարանների հետ փորձի փոխանակման, աշխատակազմի անդամների վերապատրաստման, երկուստեք համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
«Մենք ակնկալում ենք շարունակական ու կառուցվածքային աջակցություն, ոչ թե մեկանգամյա դիտորդական առաքելություններ»,- նշել է Դավիթ Առաքելյանն ու կարծիք հայտնել, որ համագործակցությունն ավելի առարկայական կլինի, եթե դիտարկվի Հայաստանում տարածաշրջանային կենտրոն ստեղծելու գաղափարը:
Նաչո Սանչես Ամորը հետաքրքրվել է խորհրդարանի աշխատակազմի կարիքների առաջնահերթություններով, որոնց ուղղությամբ էլ հնարավոր կլինի հետագա աջակցությունը: Դավիթ Առաքելյանը մանրամասն ներկայացրել է աշխատակազմի ստորաբաժանումների կարողությունների զարգացման առաջնահերթությունները, տեխնիկական աջակցության հնարավորություններն ու առկա կարիքները: Նաչո Սանչես Ամորը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստ կլինի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագիրը, որի շրջանակում ավելի տեսանելի կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը: