«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց հետ խաղեր չեն խաղում սպառազինման հարցում: Մենք անընդհատ փորձարկում ենք հրթիռներ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից անսահմանափակ հեռահարության «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումների ավարտը։
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարիք չունի մշակելու գերհեռահար հրթիռներ: «Նրանք գիտեն, որ մենք ունենք միջուկային սուզանավ՝ աշխարհում լավագույնը, հենց իրենց ափերի մոտ։ Այսպիսով, Միացյալ նահանգներին պետք չեն 8000 մղոն (ավելի քան 12800 կմ) հեռահարության հրթիռներ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև «ոչ տեղին» է համարել Ռուսաստանի կողմից «Բուրեվեստնիկի» փորձարկումների ավարտի մասին հայտարարությունը, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է։ Թրամփի համոզմամբ՝ պատերազմը, որը պետք է տևեր մեկ շաբաթ, այժմ թևակոխում է իր չորրորդ տարին, և այդ հակամարտությունը լուծելու փոխարեն հրթիռային փորձարկումներ են կատարվում։
Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ավարտվել են «Բուրեվեստնիկ» միջուկային էներգետիկ կարգավորմամբ, անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի վճռական փորձարկումները։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով՝ հրթիռն օդում մնացել է մոտ 15 ժամ և անցել է 14000 կիլոմետր, որը նրա առավելագույն հեռահարությունը չէ։ Նա ընդգծել է, որ թռիչքի ընթացքում կատարվել են բոլոր անհրաժեշտ ուղղահայաց և հորիզոնական մանևրները՝ «դրանով իսկ ցույց տալով հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու հրթիռի բարձր կարողությունը»։