Հոկտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հրավերով մասնակցել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» հինգերորդ համաժողովի շրջանակներում կայացած «Թվային փոխակերպում. ապագային պատրաստ աշխարհ» թեմայով պանելային քննարկմանը:
ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընթացիկ զարգացումներն ու ներդրումային հնարավորությունները՝ ընդգծելով ոլորտի կայուն աճը։ Նշվել է, որ որևէ երկիր չի կարող հաջողել մեկուսացած՝ առանց համագործակցության և փոխկապակցվածության, իսկ վերջին շրջանում նոր աշխատուժի ներհոսքն ապահովել է ոլորտի զարգացման նոր փուլ՝ նպաստելով աշխատաշուկայի կայունացմանը, դրական ազդեցություն թողնելով Հայաստանի մակրոտնտեսական և ֆինանսական միջավայրի վրա, որն իր հերթին տարածաշրջանային համակարգային համագործակցության նոր հնարավորություններ է ձևավորել:
Ներկայացվել է նաև պետական աջակցության խոշոր ծրագիրը, որով յոթ տարվա ընթացքում շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար կուղղվի տեղական բարձր տեխնոլոգիական ընկերությունների մրցունակության բարձրացման և նորարարական լուծումների խրախուսմանը։
Իր խոսքում Գևորգ Մանթաշյանը քաղաքացիների թվային վստահության բարձրացման տեսանկյունից հիշատակել է Ազգային ժողովի՝ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային տեղեկությունների մասին» և «Կիբեռանվտանգության մասին» օրենքները և զուգահեռ հիշատակել է թվային հաղորդակցման ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ջանքերը՝ առանձնացնելով Սև ծովից դեպի Հայաստան կապուղու անցկացման գործընթացը՝ որպես տարածաշրջանային ռազմավարական նշանակության նախագիծ:
«Մետաքսի ճանապարհ» հինգերորդ համաժողովը, որը միավորում է բարձրաստիճան քաղաքական գործիչների, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այս տարի ներգրավել է ավելի քան 70 երկրների շուրջ 2300 պատվիրակների: