Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում պարեկները նկատել են «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ օպերատիվ տեղեկության, զբաղվում է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ: Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Արցախի պողոտայում «ԲՄՎ»-ն ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել: Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ է, 26 տարեկան:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նույն օրը, քրեական վարույթի շրջանակում, կատարվել է դեպքի վայրի զննություն: Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ` ընդհանուր մոտ 57 գրամ քաշով: Պայուսակում կար նաև երեք փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու ևս յոթ փամփուշտ` պահունակի գրպանում:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: