«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ցանկանում է խոսել քաղաքական իրավիճակից և ընդդիմադիրների քաղաքական գործունեությունից, հարց ուղղեց՝ ինչով է զբաղվում այսօրվա Դաշնակցությունը:
Նրա խոսքով՝ ըստ էության, այսօր չկա Դաշնակցություն, այլ կա ռոբասերժական խմբակի մաս կազմող քաղաքական թիմ, որի անվանումն այս պահին Դաշնակցություն է, բայց այն որևէ կապ չունի գաղափարական որևէ ուղղության հետ:
«Ո՞ւր էիք երեկ: Հիմա գալիս եք, բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս այս ամբիոնից: Ուր էիք Կառավարության հետ հարցուպատասխանին: Վարչապետը ձեզ էր փնտրում, ճիշտն ասած, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ, ձեզ տար պատերով: Դրա՞ համար էիք փախել Ազգային ժողովից»,- հարց հնչեցրեց պատգամավորը:
Նա հիշեցրեց՝ նախորդ անգամ 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո ընդդիմադիր գործընկերներն այլևս չէին վերադարձել նիստերի դահլիճ:
«Սա ձեզ համար հո պարտիզանական կռիվները չե՞ն: Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, քաղաքական գործունեությամբ զբաղվեք: Դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք, հարգելի գործընկերներ, այլևս ասելիք և անելիք չունեք»,- ասաց նա:
Ըստ Հովհաննիսյանի՝ Դաշնակցությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ մշտապես մաս է կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը:
«Նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում դուք պարազիտացել եք ռոբասերժական իշխանության վրա, հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչարյանին ձեր հավատարմությունն եք հայտնում»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը՝ ընդգծելով՝ ժողովուրդը լավ տեսնում է, թե ինչ են բերել երկրի գլխին իրենց կառավարման տարիներին:
Պատասխանելով ընդդիմադիրների մեղադրանքներին՝ նշեց՝ հենց նրանք են Ղարաբաղը թոկ սարքել Հայաստանի Հանրապետության համար:
«Որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք ՀՀ իշխանությունը զավթելու համար և հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղի ժողովրդին օգտագործում՝ փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով և կեղծիքներով»,- ընդգծեց նա: