Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը գուցե դրանից մի ամիս առաջ անհավատալի թվացող ձեռքբերումներ են ունեցել: Մենք անկախությունից ի վեր [առաջին անգամ] փաստաթղթավորված, գործնական հնարավորություն ունենք ապաշրջափակվելու, լինելու ապաշրջափակված քաղաքականապես, տնտեսապես, ինչու չէ՝ նաև ռազմական առումով: Այդ մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Այն փաստաթղթերը, որ ստորագրվել են, այն մասին են, թե ինչպիսին պիտի լինենք մենք որպես պետություն, և այն մասին են, թե ինչպիսին չէինք մենք դրանից առաջ:
Հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունները, բաց սահմաններն է՛լ ավելի են ուժեղացնելու ՀՀ ժողովրդավարությունը, տնտեսությունը, բնականաբար, նաև իրավակարգերը: Հենց սրա դեմ են պայքարում տխրահռչակ ուժերը, որոնք այսօր պահն օգտագործեցին և փախան դահլիճից, որ ներկա չգտնվեն ՀՀ-ի համար կարևորագույն այս փաստաթղթերի վերաբերյալ հայտարարության տեքստի քննարկմանը և դրա ընդունմանը:
Այս ուժերը պայքարում են ազատ և ժողովրդավար ՀՀ-ի դեմ, բայց նրանք երևի թե չգիտեն, որ այդ պայքարում ի սկզբանե ջախջախված են»,- ասաց նա, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին ստորագրվածը պատմական ձեռքբերում է, որն ամրացնելու է խաղաղությունը: