Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերն Ուկրաինայի մայրաքաղաքն ու մի շարք շրջաններ ենթարկվել են Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածների: Հարձակման հետևանքով տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհներ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 6 մարդ, 19-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 5 երեխա, գրում է Euronews-ը:
Ռուսաստանը մեծացնում է հարձակումներն Ուկրաինայի էներգահամակարգի վրա և փոխում հարվածների մարտավարությունը ձմեռային սեզոնի նախաշեմին, ասում են «Ուկրէներգոյի» ներկայացուցիչները: Վերլուծաբանների խոսքով՝ Մոսկվան թիրախավորել է կոնկրետ տարածաշրջաններ, ինչպես նաև գազային ենթակառուցվածքները։
Հարձակումները դառնում են ավելի արդյունավետ, քանի որ Ռուսաստանը գործարկում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, որոնցից մի քանիսը հագեցած են տեսախցիկներով, որոնք բարելավում են թիրախավորումը, ինչը հանգեցնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության գերբեռնվածության, հատկապես այն շրջաններում, որտեղ պաշտպանությունն ավելի թույլ է: