Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են, ԱԺ-ում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը տեղի ունենա»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը: Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ: