Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս մեկ անձ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հաստատեցին կոմիտեից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վարդան Ղուկասյանի և մյուս պաշտոնատար անձանց պաշտոնավարումը կասեցվել է:
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով
ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ էր տեղափոխվել 23 անձ: