Ես չեմ պատրաստվում ձևացնել, թե խուլ եմ կամ խելագար եմ: Ես լսել եմ Հակակոռոպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, ընդ որում՝ դատարանի օրինական վճռով արված գաղտնալսումը, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք: Սա իմ քաղաքական գնահատականն է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին երկու ամսով կալանավորելու որոմանը:
Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի մասով անմեղության կանխավարկածը չխախտելուն՝ Ռուբինյանը ընդգծեց, որ լսել է ձայնագրությունը, և որ դա բավարար է քաղաքական գնահատական տալու համար:
Գնահատական տալով Գյումրիում իրավապահների՝ հոկտեմբերի 20-ի գործողություններին՝ Ռուբինյանն ընդգծեց, որ շատ լավ է գնահատում Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, կարծում է՝ իդեալական աշխատանք է կատարվել, քանի որ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործությունն ու ենթադրյալ կաշառակերին:
«Գյումրու քաղաքապետի ձերբակալությունն իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չէ և պատժվելու է: Սա ուղերձ է ոչ միայն ՏԻՄ-երին, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ձերբակալումից հետո կալանքի միջնորդություն էր ներկայացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով
ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ: