ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քմ մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։
Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության՝ գլխավոր ճարտարապետը, համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նրա գիտությամբ, տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ՝ քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային՝ «գործողություն–գումար–գործողություն–գումար» սխեմայով մաս-մաս փոխանցելու հանգամանքների շուրջ՝ այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ և ստանալով այն տալու խոստում։
Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը և շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավագանու՝ իրենց ոչ ցանկալի անդամներին՝ նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։
Վերոգրյալից բացի, քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող և համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրավված անձի անվամբ սեփականաշնորհելու և իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև գլխավոր ճարտարապետի կողմից ևս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք–գումարներ ստանալու մասին։
Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողություններ՝ ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաև հանցավոր ցանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: