ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է ՌԴ կառավարությանը և առաջարկել, որպեսզի 90 օրը փոխարինվի 180 օրով: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների՝ ՌԴ-ում մինչև 90 օր մնալու որոշմանը:
«Նախնական պետք է ասեմ, որ մենք ունենք դրական արձագանք, ՌԴ գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ, և, իմ տեղեկությունների համաձայն, ՌԴ-ում արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված»,- ասաց նա:
Պապոյանը տեղեկացրեց, որ հարցն ընդգրվել է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդները շուտով կարող են խնդիրներ ունենալ այդ երկրի օրենսդրության հետ: Նրանք արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը, ինչից հետո կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում: Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ և 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր:
Նշենք, որ ՆԳՆ-ից ևս 1Lurer.am-ին հայտնել էին, որ հարցը քննարկվում է ՌԴ գործընկերների հետ։