Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ զգուշացրել է, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
Դուրս գալով իր աշխատասենյակից՝ Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը գնում է, ամեն ինչ նորմալ կլինի: Ղուկասյանի և փոխքաղաքապետի կոչով քաղաքապետարանի մոտ շարունակում են հավաքվել տարբեր անձինք, նրանց թվում է նաև ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Գյումրեցի որոշ պատգամավորներ և ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել են, որ Գյումրու մանկապարտեզների դռները փակ են. զանգել են ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ։ Նման պարտադրանք, ըստ նրա, եղել է նաև երթուղայինի վարորդներին: Գյումրու կանգառներում կուտակումներ են, երթուղայիններ չկան:
«Գյումրու «Գոհար» մանկապարտեզն է: Աշխատակիցներին ստիպում են հավաքների մասնակցել: Բազմաթիվ այսպիսի ահազանգեր ունենք»,- տեսանյութերից մեկին կից գրել է Հարությունյանը:
Ինչպես 1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեն դեպքին առնչվող ձայնագրություններ է հրապարակել: